MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք  և ամուր հիշողություն ունենալուն

23 ապրիլի, 2024  14:25

Ելակը օգնում է պահպանել առողջ միտքը և ամուր հիշողությունը, հաստատել է Ցինցինատիի համալսարանի ակադեմիական առողջության կենտրոնի գիտնականների հետազոտությունը, հայտնում է MDPI: Phytochemicals and Human Health պորտալը:

Տարեց տարիքում առաջացող դեմենցիան աստիճանաբար հանրային առողջության լրջագույն խնդիր է դառնում, որն արդյունավետ բուժում չունի: Նյարդադեգեներատիվ հիվանդությունները, ներառյալ Ալցհեյմերի հիվանդությունը (ԱՀ), կարող են տասնամյակներ տևել մինչև ախտանիշների ի հայտ գալը՝ սկսած միջին տարիքից: Ինսուլինադիմադրողականության մակարդակը, որը դեմենցիայի հիմնական ռիսկային գործոններից է, նույնպես բարձրանում է միջին տարիքում:

Հայտնի է, որ հատապտուղների, այդ թվում՝ ելակի, օգտագործումը ազդում է նյութափոխանակության և ճանաչողական ֆունկցիայի վրա, ինչը ստիպում է ենթադրել, որ այն կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման հավանականությունը: Ավելորդ քաշով, ինսուլինադիմադրողականությամբ և  ճանաչողական կարողությունների սուբյեկտիվ վատթարացման ախտանշաններ ունեցող մարդկանց վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ելակի փոշու 12 շաբաթյա օգտագործումը հանգեցրել է մասնակիցների հիշողության բարելավմանը և դեպրեսիվ ախտանիշների նվազմանը:

Սակայն միջամտությունը չի ազդել նյութափոխանակության ցուցանիշների վրա, ինչը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են ելակի փոշու չափսը, ուսումնասիրության տևողությունը կամ ելակի մեջ անտոցիանինի չափաբաժինը: Անտոցիանինների հակաբորբոքային ազդեցությունը համարվում է այս արդյունքի հիմնական բացատրություններից մեկը։

Այս արդյունքներն ընդգծում են միջին տարիքում ելակի օգտագործման հավանական դերը դեմենցիայի զարգացման վտանգի նվազեցման և ուղեղի առողջության և հոգեկան բարեկեցության պահպանման գործում: Սակայն ուսումնասիրության առավելություններն ավելի ճշգրիտ որոշելու համար հետագա հետազոտություն է պահանջվում՝ միջամտության ավելի երկար տևողությամբ, ավելի մեծ խմբերով և անտոցիանինի տարբեր չափաբաժիններով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում